ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Փարիզում Ազգային ժողովի պատգամավորների և Ֆրանսիայի Սենատի անդամների հետ քննարկել են արցախցիների վերադարձի և հայ գերիներին ազատ արձակելու հարցերը։
Թաթոյանը նշել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի, Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի, սենատոր Վալերի Բուայեի և այլ օրենսդիրների հետ: Հանդիպումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ:
Կողմերը քննարկել են Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:
Քննարկվել են նաև ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և հայրենիք վերադարձի պարտադիրությունը, 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը:
Թաթոյանը հավելել է, որ հանդիպումներում քննարկման հարց էր բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու համար ադրբեջանական հետագա հանցանքները:
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր գաղթել ՀՀ։
Հոկտեմբերի 3-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել էր, որ ԱՄՆ 60 կոնգրեսական նամակ է ստորագրել՝ կոչ անելով Վաշինգտոնին ռազմական հանցագործությունների, պատանդներ պահելու և հայկական տարածքի անօրինական օկուպացիայի համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։