Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի կոնֆերանսին (COP29) ընդառաջ Երևանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ հայ գերիներին և այլ պահվող անձանց Ադրբեջանի բանտերից ազատելու պահանջով: «Ազատե՛ք հայ գերիներին» խորագրով ակցիաները տեղի են ունեցել ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ ԱԳՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների մոտ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ։ Armenia Today-ն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է ակցիան իր YouTube-յան ալիքով։
Ակցիային մասնակցել են Արցախի ԱԺ ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, Արցախի ղեկավարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի հասարակական գործիչներ, Արցախի նախկին օմբուդսմեններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ-եր Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Ցուցարարները միջազգային կառույցներից պահանջել են COP29-ից առաջ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական բանտերից հայ գերիներին և այլ բանտարկված անձանց ազատելու համար։
Ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին», «Բոյկոտել COP29-ը Բաքվում», «Ազատություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին», ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների անուններով պաստառներ։
Ցուցարարները ՄԱԿ-ի հայաստանյան առաքելությանն են հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակ։ Նամակում նրանք Գուտերեշին կոչ են արել պաշտպանել ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդների իրավունքները, իսկ մինչև COP29-ն Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել գերիներին և արդյունավետ միջոցներ ձեռնարկել բոլոր անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ որքան էլ ակցիաներ իրականացվեն, միջազգային մակարդակում գերիների հարցը պետք է Հայաստանը բարձրացնի։
«Գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, անտեսել կամ չտեսնելու տալ այդ հանգամանքը և գնալ ասել, որ այլ հարցերում են համաձայնության գալիս, ուղղակի զուտ մարդկային տեսանկյունից չի կարող ընդունելի լինել։ COP29-ի նախորեին պետք է հանդես գան հրապարակային և տեսանելի պահանջով՝ ուղղված Ադրբեջանին․ պահանջն է՝ անհապաղ և առանց որևէ նախապայմանների ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին և պատանդներին»,- ասել է Ստեփանյանը։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Գագիկ Բաղունցը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների զիջումների քաղաքականությունը ոչ մի դեպքում չի բերի խաղաղության պայմանագրի ստորագրում։
«Ինչ վերաբերվում է Բաքվի բանտերում պահվող մեր ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին, ապա այս պարագայում էլ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը բավականին ադեկվատ չէ․ ՀՀ կողմից հստակ կոշտ պահանջների բացակայությունը նպաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները գնալով նոր պահանջներ են ներկայացնում»,- ասել է նա։
Ակցիայի մասնակիցներն շարժվել են ԱԳՆ-ի մոտ պահանջով՝ որևէ պայմանագիր, թուղթ չստորագրել կամ որևէ քայլ չանել՝ մինչև գերիների ազատ արձակումը` ինչպես ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, նույնաբովանդակ նամակ են հանձնելով ԱԳՆ-ին և երթով շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։
Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ակցիայի մասնակիցները շնորհակալություն են հայտնել այդ երկրին՝ մինչ այժմ ցուցաբերած օգնության համար, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են գործողությունները չթողնել (Ադրբեջանին քննադատող-խմբ) հայտարարությունների մակարդակում։
«Այդ գործողությունները ձեռնարկելու ամենապատեհ պահը հիմա է։ Մեր նամակում Մակրոնին է ուղղված այդ պահանջը, որ Ադրբեջանին կոչ անեն գերիների վերադարձ և անհետ կորածների ճակատագրի պարզաբանում»,- ասել է Ստեփանյանը։
ՌԴ դեսպանության դիմաց Ստեփանյանը նշել է, որ Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված էր ռուսական խաղաղապահ զորակազմը։
«Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում՝ օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»,- ասել է նա։
Երթի մասնակիցների վերջին հասցեատերն ԱՄՆ-ի դեսպանատունն էր, որտեղ ակցիայի մասնակիցները նույն պահանջն են արտահայտել, հիշեցրել են հայ գերիներին ազատ արձակելու ԱՄՆ կոնգրեսականների ջանքերի մասին և նամակն ուղարկել էլեկտրոնային տարբերակով։
«Ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ վերջերս ԱՄՆ 60 կոնգրեսականներ համատեղ նամակ են պատրաստել՝ պահանջելով բարձրաձայնել հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման հարցը։ Մեր ակնկալիքն այն է, որ սա ԱՄՆ պետդեպի կողմից կընդունվի ի գիտություն, որին կհաջորդեն հստակ գործողություններ»,- ասել է Ստեփանյանը։
Հոկտեմբերի 3-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել էր, որ ԱՄՆ 60 կոնգրեսական նամակ է ստորագրել՝ կոչ անելով Վաշինգտոնին ռազմական հանցագործությունների, պատանդներ պահելու և հայկական տարածքի անօրինական օկուպացիայի համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն առաջարկել էր երկկուսակցական օրինագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու վերաբերյալ։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում նաև Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։
Մարտի 9-ին Hartford Courant-ը պատմել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին: Հունիսի 14-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ նրան Բաքվի բանտում խոշտանգում են։