Կրոնական համայնքների ներկայացուցիչներն իրենց մասնակցությամբ և հայտարարություններով անուղղակի աջակցում են Արցախում հայկական ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությանը և դատապարտելու, կանխելու փորձերի փոխարեն նպաստում են դրա քողարկմանը, հայտարարել է «Գեղարդ» հիմնադրամը։
Հիմնադրամը կրոնական համայքների առաջնորդներին և ներկայացուցիչներին կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախում հայկական ժառանգության փրկության համար։
Հիմնադրամը հայտնել է, որ COP29-ը կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովի շրջանակներում՝ նոյեմբերի 5-6-ը, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հովանու ներքո անցկացվել է «Աշխարհի կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը»՝ «Համաշխարհային կրոնները հանուն կանաչ մոլորակի» կարգախոսով։ Գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների՝ գերազանցապես մուսուլմանական համայնքների կրոնական առաջնորդներ։
Ըստ ադրբեջանական մամուլի հաղորդագրության՝ ելույթ ունեցողները մտահոգություն են հայտնել զինված հակամարտությունների, կրոնական և էթնիկ հողի վրա բռնությունների, բնապահպանական աղետների, մշակութային և կրոնական ժառանգության ավերման ու կողոպտման վերաբերյալ։ Նոյեմբերի 7-ին գագաթնաժողովի մասնակիցներն Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման ֆոնին այցելել են նաև Շուշի։
«Այս ամենը զավեշտալի չէր լինի, եթե վերջին տարիներին Ադրբեջանը չհրահրեր զինված հակամարտություններ, չավերեր հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, չոտնահարեր բնապահպանական նորմերը և այլն։ Հուսանք՝ գագաթնաժողովին մասնակից հոգևոր առաջնորդները Շուշիում «նկատել» են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու համապատասխան հետևություններ կանեն»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Հիմնադրամը քննադատել է նաև Հռոմի Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի հայտարարությունները՝ Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների պետական հանձնաժողովի նախագահ Ռամին Մամեդովի հետ հանդիպմանը։
Ըստ ադրբեջանական մամուլի՝ կարդինալը նշել է, որ «ադրբեջանական հանդուրժողականությունը տարբեր դավանանքների նկատմամբ օրինակ է այլ երկրների համար», «եկեղեցիների ու տաճարների վերականգնման ուղղությամբ Ադրբեջանի ուշադրությունը բարձր գնահատականի է արժանանում»։
«Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում և յուրացնում է հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, որի մասին բազմաթիվ ապացույցներ են հրապարակվել։ Փաստորեն, մինչ կարդինալը խոսում է «Ադրբեջանի վերականգնողական աշխատանքների» մասին, իրականում հակառակ գործընթացն է կատարվում։ Մնում է միայն հույս հայտնել, որ Սուրբ Աթոռի պաշտոնյան ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Արցախում մշակութային ցեղասպանությանը և հորդորել դադարեցնել այդ գործունեությունը»,- հավելել են հիմնադրամից։
Հունիսի 22-ին Monument watch-ն ահազանգել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։
2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Օգոստոսի 2-ին Monument watch-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ 2022 թվականին Ադրբեջանն ոչնչացրել էր Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին։