Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումների միտումնավոր արշավի մեջ և ժողովրդավարական երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։
«Ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար երկրները պետք է դիմումներ ներկայացնեն նաև Միջազգային քրեական դատարան (ICC)»,-, ասվում է զեկույցում։
Freedom House-ն աշխարհի ժողովրդավարական երկրներին առաջարկում է նպատակաուղղված ճանապարհորդական արգելքներ և ակտիվների սառեցում կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների, ռազմական ղեկավարների և հայերի իրավունքների ոտնահարման և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված անձանց նկատմամբ:
Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել, որ Ադրբեջանը պայմաններ ստեղծի Արցախի բնակիչների անվտանգ վերադարձի համար՝ անվտանգության երաշխիքներով։
«Երկրներին խրախուսվում է աջակցել նախաձեռնություններին, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը, ամուր իրավական պաշտպանության մեխանիզմների ներդրմանը և անհրաժեշտ ծառայությունների մատուցմանը: Ապահովել, որ տուժած բնակչության ձայնը լսելի դառնա և նրանց իրավունքները պաշտպանվեն բոլոր համապատասխան միջազգային հարթակներում»,- ասվում է զեկույցում:
Freedom House-ը հայտարարել է, որ հայ բնակչության իրավունքների խախտումները Լեռնային Ղարաբաղում շարունակվում են նույնիսկ նրանց բռնի գաղթից հետո և դրսևորվում են նրանց ունեցվածքի, ինչպես նաև հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման տեսքով։ Այդ կապակցությամբ կազմակերպությունը երկրներին կոչ է արել, որ Ադրբեջանն ապահովվի մշակութային ժառանգության պահպանման միջազգային չափանիշները:
Երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կազմակերպությունների մուտքն Արցախ ապահովելու համար՝ անկախ մոնիթորինգային առաքելություններ իրականացնելու և այդ վայրերը պաշտպանելու մասին միջազգային երկխոսությունը խթանելուն:
Freedom House-ի հետ մեկտեղ՝ փաստահավաք աշխատանքների կազմում ընդգրկված էին նաև Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (IPHR), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (DDF), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Օրենքի մշակման և պաշտպանության հիմնադրամը և Truth Hounds-ը:
Նրանք զեկույցում ապացույցներ են հավաքել Լեռնային Ղարաբաղի 107 համայնքներից 71-ը ներկայացնող ականատեսների հետ՝ 330 հարցազրույցներից: Զեկույցում մանրամասն նկարագրված են բոլոր երթուղիները, որոնցով բնակիչները տարհանվել են, և սահմանվում է տեղի ունեցածի իրավական շրջանակը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Գերիների թվում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։