Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն զեկույց է հրապարակել, որում գնահատվում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված իրավիճակը և անդրադարձ կատարվում Լեռնային Ղարաբաղին։
Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար և ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:
Ադրբեջանին նաև կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից կառուցված պատմական և մշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման և ձևափոխման բոլոր մեղադրանքները:
Ադրբեջանը բազմազգ է, սակայն ազգային փոքրամասնությունների իրավունքներից օգտվելու հնարավորությունները պետք է բարելավվեն, կարծում են Եվրոպայի խորհրդի փորձագետները։
«Արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատությունների սահմանափակումները սահմանափակում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրենց իրավունքները արդյունավետորեն իրացնելու հնարավորությունները»,- ասվում է զեկույցում։
Խորհրդատվական կոմիտեն նաև կոչ է արել իշխանություններին զերծ մնալ և խստորեն դատապարտել անհանդուրժողականության և էթնիկ հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ ատելություն տարածման ցանկացած դրսևորում՝ հաշտեցման գործընթացը հեշտացնելու նպատակով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով ՀՀ է բռնի տեղահանվել 100,632 մարդ։