Արցախից տեղահանված Ալվինա Գաբրիելյանը 2024 թվականի օգոստոսին Երևանում բացեց «Մի կտոր երջանկություն» հացաբուլկեղենի խանութը։ Նույնանուն ապրանքանիշի ներքո նա տորթեր, խմորեղեն է պատրաստում, իսկ բելգիական բարձրորակ շոկոլադից պատրաստում է ձեռագործ շոկոլադ՝ ինչպիսիք Բրյուսելի և Թուրինի լավագույն հրուշակեղենի արտադրամասերում են։
Ալվինան ավելի քան 30 տարվա բիզնես գործունեության փորձ ունի։ Ստեփանակերտում է թողել եկամտաբեր բիզնեսը, նույն բրենդի տակ գործող սրճարան-հրուշակարանը։ Հայաստան ժամանելուն պես անցել է վերապատրաստման դասընթացներ և յուրացրել ձեռագործ շոկոլադների պատրաստման տեխնիկան ու բաղադրատոմսերը: Սկզբում նա կոնֆետ էր վաճառում առցանց և Երևանում մասնակցում էր արցախյան արտադրողների ցուցահանդեսներին, որտեղ էլ ծանոթացանք նրա հետ։ Այնուհետև Գաբրիելյանը շահել է «Իմ քայլը» հիմնադրամի 1 մլն դրամ դրամաշնորհը և այդ գումարին ավելացնելով վարկ՝ Երևանի Նոր Նորքի զանգվածում հացաբուլկեղենի փուռ-խանութ բացել։
Ալվինայի հետ առաջին անգամ հանդիպեցինք 2024 թվականի ձմռանը, և նա մեզ պատմեց իր վերաբնակեցման պատմությունը։ Հետո, երբ նրան հաջողվեց գտնել ավելի ընդարձակ բնակարան, նա մեզ հրավիրեց միասին շոկոլադ պատրաստելու։ Armenia Today-ի նկարահանող խումբը նաև ներկա է գտնվել «Մի կտոր երջանկություն» հացաբուլկեղենի խանութի բացմանը և հավաքել Ալվինայի պատմությունը պայքարի, կամքի ուժի մասին, որոնք օգնել են Արցախում ամեն ինչ թողած մեր հերոսուհուն նորից հավատալ և կերտել իր ապագան Հայաստանում:
Ինչպե՞ս առաջացավ «Մի կտոր երջանկություն» ապրանքանիշն ստեղծելու գաղափարը
Ալվինայի մոտ «Մի կտոր երջանկություն» ապրանքանիշի ներքո հրուշակեղենի խանութ ստեղծելու գաղափարը ծագել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Ունենալով մանրածախ առևտրի ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ՝ 2022 թվականին Ստեփանակերտում հիմնել է սրճարան-հրուշակարան։ Կառուցվածքն ու բրենդի անվանումն Ալվինան մտածել է մեկ գիշերվա ընթացքում, իսկ գաղափարն իրականություն դարձնելու համար նրանից մեկ ամիս է պահանջվել։
«Հրուշակեղենի խանութ բացելու գաղափարն ինձ մոտ առաջացավ 2022 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը։ Սկսեցի անունից: Առավոտյան, երբ ընտանիքիս անդամներն արթնացան, ես նրանց ասացի այդ մասին, և բոլորը զարմացան, հատկապես նրանց զարմացրեց անունը՝ «Մի կտոր երջանկություն»։ Բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Հարսս հաշվապահություն էր անում, տղաս ու ամուսինս ինձ հնարավորինս օգնում էին»,- պատմում է նա։
«Մի կտոր երջանկություն» հրուշակեղեն-սրճարանը գտնվում էր այն տանը, որտեղ ապրում էր նրա մեծ ընտանիքը՝ դպրոցի դիմաց։ Կարճ ժամանակում դարձել էր սիրված վայր դպրոցականների համար։
«Ապրում էի Ստեփանակերտում՝ բնակարանի 4-րդ հարկում։ Առաջին հարկում գտնվում էր իմ հրուշակեղենի արտադրամասը, որին կից՝ սրճարան և խանութ։ Վերջին երկու շաբաթները, նախքան բռնի տեղահանումը, մենք շարունակում էինք հաց թխել»,- պատմում է Ալվինան։
Նրա խոսքով՝ բիզնեսով զբաղվում է 20 տարեկանից․ սկսել է հագուստի առևտրով, զուգահեռ՝ զբաղվել է հողագործությամբ, ինչպես նաև վարկային կազմակերպությունում վարկային գործակալ է աշխատել:
«Բոլորը միասին»,- համեստորեն ժպտում է Ալվինան, որը մինչ մեր ժամանելը հասցրել էր պատրաստել ընկույզով և չրերով շոկոլադե կոնֆետների առաջին խմբաքանակը:
Ալվինայի ընտանիքը պատերազմից հետո վարկ է վերցրել և գնել ընկույզի այգի ունեցող հողամաս։
«2020 թվականի պատերազմից հետո, երբ հողն օկուպացրել են թուրքերը, ստիպված էինք կրկին 11 միլիոն դրամով գնել հողամաս ՝ 3 հեկտար։ Մշակեցինք այս հողը և տնկեցինք ընկույզի այգի։ Կցանկանայի այստեղ էլ զբաղվել դրանով, բայց հողը շատ թանկ է, և չկա աջակցություն, օգնություն կառավարությունից։ Գոնե մեզ մի քիչ ժամանակ տվեցին, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, եկամուտներ ստանալ և վարձավճարներ ու հարկեր վճարել»,- պատմում է Ալվինան։
Սկսել արհեստագործական շոկոլադից՝ «Մի կտոր երջանկությունը» Հայաստանում վերաբացելու համար
Բռնի տեղահանումից հետո՝ 2023 թվականի հոկտեմբերին, Ալվինան օգտվել է արցախցիների համար ձեռագործ շոկոլադներ ստեղծելու ուսուցման առաջարկից։
«Ինձ դա սովորեցրել է մի աղջիկ։ Իմանալով, որ Արցախից ենք, նա հրաժարվել է գումար վերցնել ուսման համար»,- պատմում է Գաբրիելյանը։
2023 թվականի դեկտեմբերից նա իր արտադրանքով սկսել է մասնակցել արցախյան արտադրողների «Ոսկե ձեռքեր» ցուցահանդեսներին և այլ միջոցառումների, որտեղ իր արտադրանքը ներկայացրել է «Մի կտոր երջանկություն» ապրանքանիշի ներքո։ Նման ցուցահանդեսներից մեկի ժամանակ էլ ծանոթացանք Ալվինայի հետ։
«Հիմա առցանց պատվերներ ունեմ։ Instagram-ում ունեմ էջ, որը կոչվում է «Մի կտոր երջանկություն Արցախից»։ Նույն էջը կա նաև Facebook-ում։ Մասնակցել եմ «Ոսկե ձեռքեր» փառատոնին։ Ինձ այնտեղից էլ են ճանաչում և պատվերներ են կատարում»,- պատմում է Ալվինան։
Ալվինան ասում է, որ դժվարությունների հետ մեկտեղ ճակատագիրն իրեն հրաշալի մարդկանց է պարգևում։ Իրանահայերի շնորհիվ այս տարվա գարնանը նրան հաջողվել է հարմար գնով և լուսավոր խոհանոցով ընդարձակ բնակարան գտնել և սկսել շոկոլադ պատրաստել: Ստանալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամի 1 մլն դրամ դրամաշնորհը՝ Գաբրիելյանը որոշել է ռիսկի դիմել և բացել սեփական հրուշակեղենի խանութը՝ դրամաշնորհի գումարին ավելացնելով այն գումարը, որը հաջողվել է ստանալ՝ գրավ դնելով ոսկյա զարդերը։
Ալվինայի խոսքով՝ Հայաստանում նոր բիզնես հիմնելը հեշտ գործ չէ։ Բարձր վարձավճարն ու հարկերը, թանկարժեք հումքն ու մրցակցային միջավայրը միայն մի քանիսն են այն խնդիրներից, որոնց բախվում է Երևանում սկսնակ գործարարը: Բիզնեսը շարունակելու և զարգացնելու համար անհրաժեշտ է նախնական կապիտալ, որն անհրաժեշտ է բիզնեսը վերագրանցելու, տարածքներ վարձակալելու, մասնագիտացված թանկարժեք սարքավորումներ գնելու, աշխատակիցներ վարձելու, նրանց աշխատավարձերը հարկերի հետ վճարելու, ինչպես նաև շուկայում իրենց տեղը գտնելու փորձերի համար:
Ալվինան պատմում է, որ իրի պատրաստման համար անհրաժեշտ հումքի 1 կգ-ի գինը կազմում է 40 դոլար (15,5 հազար դրամ): Նրա խոսքով՝ բիզնեսը պետք է կառուցվի այնպես, որ այն շահույթ բերի, և դրա համար անհրաժեշտ են արտոնություններ և պետական աջակցություն:
«Մեզ մի քիչ ժամանակ է պետք ոտքի կանգնելու համար։ Մրցունակ լինելու համար պետք է առաջարկել լավագույն արտադրանքը, ուստի անհրաժեշտ է համապատասխան հումք»,- ասում է Ալվինան։
Օգոստոսի վերջին Ալվինան հրուշակարան է բացել Երևանի Նոր Նորք թաղամասում (Նոր Նորք, 5-րդ զանգված, Մառի փողոց,6): Ապագա հրուշակեղենի խանութի համար տեղ գտնելու հարցում նույնպես օգնել է ինտուիցիան, որն Ալվինային տարել է արցախցի վարձակալի մոտ։ Մի օր տուն գնալիս Ալվինան նկատել է մի փոքրիկ սենյակ և իմացել, որ սեփականատերը պատրաստ է այն վարձակալության տալ։ Հանդիպումից հետո սեփականատերը համաձայնել է տարածքը նրան հանձնել մատչելի գնով։
Ալվինան վստահ է, որ արտադրանքի բարձր չափանիշները և հաճախորդների նկատմամբ վերաբերմունքը շարժիչ գործոն են հրուշակեղենի բիզնեսում: Շոկոլադից բացի շահույթ ստանալու համար նա նաև թարմ խմորեղեն է վաճառում, պատվերով տորթեր է պատրաստում։
«Ինձ համար շատ կարևոր է արտադրանքի որակը և վերաբերմունքը գնորդի նկատմամբ։ Ես միշտ տալիս եմ իմ արտադրանքը համտեսեն և ասում եմ՝ եթե դուր է գալիս, վերցրեք, իսկ եթե դուր չի եկել, չարժե գնել»,- ասում է նա։
Այժմ Ալվինան ակտիվորեն աշխատում է իր ապրանքանիշի առաջխաղացման վրա, համագործակցում է բլոգերների հետ, գնում է ցուցահանդեսների և վերապատրաստման դասընթացների:
«Պետք է փորձել, պետք է ռիսկի դիմել, չէ որ եթե ռիսկի չդիմես, հետո կփոշմանես»,- ասում է նա՝ մեզ հրավիրելով Արցախյան հյուրընկալ սեղանի մոտ։
Կարդացք նաև․
«Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել». արցախցի Նարինե Մաթևոսյանը Շղարշիկ գյուղում ֆերմա է հիմնել