Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Ըստ աղբյուրի՝ Սենատ ներկայացված երկկուսակցական համապարփակ բանաձևի նախագիծը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անհապաղ ազատել ապօրինի գերության մեջ պահվող հայերին, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։
«Մենք ողջունում ենք սենատորներ Փիթերսի և Քեսիդիի կողմից Սենատում այս բանաձևի ներկայացումը, որպես Արցախի իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Կոնգրեսի երկկուսակցական աջակցության ևս մեկ նշան: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի դաժան գործողությունները և կոչ անելով միջազգային վճռական միջոցների ձեռնարկման՝ այս բանաձևը վերահաստատում է ամերիկյան հավատարմությունն Արցախի իրավունքներին՝ ստեղծելով պատասխանատվության և արդարության ամուր շրջանակ»,- հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Բանաձևի համահեղինակ Քեսիդիի խոսքով՝ Ադրբեջանը պատանդ է պահում Եվրոպային, իսկ պատճառն էներգիան է։
«Լուիզիանայում բավականաչափ էներգիա կա Եվրոպայի կարիքները բավարարելու համար: Աշխարհը չի կարող հանդուրժել բռնապետին»,- ասել է նա։
Ներկայացված բանաձևով մասնավորապես առաջարկվում է արցախահայության շրջափակումն ու հետագա ռազմական գործողությունները որակել որպես էթնիկ զտում։ Առաջարկվում է նաև նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչության դեմ հանցագործություններում ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների դեմ։
«Առաջարկվում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զորու կլինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։ Ամերիկյան օժանդակության տրամադրում՝ Հայաստանում արցախահայության կարիքները պատշաճ հոգալու համար։ Նույն նպատակով ամերիկյան կառավարության կողմից միջազգային ջանքերի առաջնորդում»,- ասվում է բանաձևում։
Առաջարկների թվում է նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությանն աջակցություն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության զարգացում անվտանգության ոլորտում։
Առաջարկվում է ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատմանը նպաստելու համար և ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։