ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ:
Այս մասին ֆեյսբուքում հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ ի տարբերություն կոմիտեի նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները:
«Պատահական չէ, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին գործընկերների հետ քննարկումների արդյունքում հայտարարել էինք, որ ավելացնելու ենք գիտության ֆինանսավորումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին:
Սա առաջինն է նման մի շարք նախաձեռնություններից, որոնց միջոցով դնելու ենք մեր գիտական ներուժը իրացնելու, գիտնականի վարկը բարձրացնելու ու Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու հիմքերը»,-գրել է Ավինյանը:
Փոխվարչապետ նաև համոզմունք է հայտնել, որ առաջադեմ, զարգացած ու բարեկեցիկ Հայաստան ունենալու առանցքային նախապայմաններից է գիտական ներուժի զարգացումը, ինչն ամեն օր ապացուցվում է նաև համավարակի օրերին: