«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ապրիլի 1-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին (ՌՏՀՄՀ) կից գործարար խորհրդի նիստը: Նիստը վարում էր ՀԱՊԿ ՌՏՀՄՀ Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչովը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ուրախ եմ ողջունել ձեզ ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի հերթական նիստում։ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքները կարևոր տեղ են զբաղեցնում մեր երկրների անվտանգության համակարգի ապահովման և զարգացման հարցերում, ինչպես նաև հնարավորություն են տալիս գործընկեր երկրների հետ քննարկել ռազմական ոլորտի բարեփոխումները։ Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը մեզ կհանգեցնի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության լրացուցիչ մեխանիզմների մշակմանը»։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրական հնարավորություններին և ներուժին, քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցության հնարավորությունները, դրանց ընդլայնման հեռանկարները, ինտեգրացիոն կապերի զարգացումը:
Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Միխայիլ Օսիկոն, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ քարտուղար Վիկտոր Զինովևը, ինչպես նաև Գործարար խորհրդի ազգային մասերի ղեկավարներն ու անդամները: