ԱՄՆ առողջապահության նախարարության դեղերի վարչությունը լիազորել է Իլոն Մասկի Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությանը Telepathy ուղեղի իմպլանտը տեղադրել երկրորդ հիվանդի ուղեղում, հայտնում է The Wall Street Journal-ը։
Ընկերությունը խոստացել է շտկել առաջին թեստի մասնակցի հետ ծագած խնդիրները։ Երկրորդ հիվանդի մոտ պետք է չափազանց բարակ մետաղալարեր մտցվեն ուղեղի մեջ, նշում է WSJ-ն՝ վկայակոչելով ընկերության աղբյուրին:
Neuralink-ն առաջին անգամ մարդու ուղեղում «Telepathy» նեյրոչիպը ներդրել է 2024 թվականի հունվարին: Փետրվարին հաղորդվել էր, որ 29-ամյա Նոլանդ Արբոն սովորել է խելքով կառավարել կուրսորը։ Շուտով նա կարողացել է նաև խաղալ առցանց շախմատ և Mario Kart:
Մայիսի 15-ին Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Neuralink-ից իմպլանտների մի քանի կոնտակտներ հեռացվել են և, արդյունքում, նվազել է տվյալների փոխանցման արդյունավետությունը։ Աղբյուրների համաձայն՝ ընկերությունը գիտեր այս մասին նույնիսկ կենդանիների փորձարկման փուլում։
Neuralink-ը պլանավորում է երկրորդ հիվանդի չիպը տեղադրել հունիսին, տարվա ընթացքում՝ ընդհանուր առմամբ 11 մարդու։
Ըստ Bloomberg-ի՝ ապագայում Neuralink-ը հույս ունի ստեղծել մի համակարգ, որի դեպքում յուրաքանչյուրը կարող է գնալ կլինիկա և 15 րոպե տևողությամբ վիրահատության շնորհիվ դառնալ «կիբորգ», օրինակ՝ ներբեռնել տեղեկատվություն ինտերնետից իր ուղեղ, ինչպես Կիանու Ռիվզի կերպարը «Մատրիցա»-ում:
Մասկը մարտին հայտարարել էր Neuralink-ից նոր իմպլանտի մասին, որը թույլ կտա կույր մարդկանց տեսնել, բայց այդ ժամանակվանից ի վեր այդ մասին ոչինչ չի հաղորդվել: