Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 18-ին, հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հանդիպումը մոտ 2 ամիս ուշ է տեղի ունենում:
«Ես տեղյակ եմ, որ այս ընթացքում աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առել, որովհետև պայմանավորվել էինք, որ վստահելի խումբ պետք է ձևավորենք, որը, ըստ էության, պետք է տա այն հարցերի պատասխանը, որ հուզում է ոչ միայն ձեզ, այլև մեզ բոլորիս, մեր հանրությանը: Եվ պայմանավորվել ենք նաև, որ սա շատ կարևոր առանձնահատկություն է, որ մենք պետք է այնպես սկսենք պրոցեսը, որ արդյունքում ինչ պատասխան էլ ստացվի, բոլորս ի գիտություն ընդունենք այդ պատասխանը և առաջնորդվենք այդ պատասխանով: Դրա համար մեր պայմանավորվածությունն է, որ դուք պետք է ներկայացնեք ձեզ համար վստահելի փաստաբանական խումբ, իմ կողմից նույնպես պետք է ներկայացված լինեն, և այդ հարցերի պատասխանը պետք է ստանանք»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը նշեց, որպեսզի տեղապտույտի վիճակում չհայտնվեն, այս աշխատանքային խմբի համար շատ կարևոր է մի պահ հնարավորություն տան, որպեսզի նրանք կտրված գործեն մեր ունեցած կարծիքներից, համոզմունքներից, մտածածից և ցանկությունից:
«Ես հույս ունեմ, որ ձեր մեջ կա անբեկանելի համոզմունք, որ ինձ համար ճշմարտությունից ավելի բարձր արժեք այս իրավիճակում գոյություն չունի: Ես կրկին եմ ասում՝ եթե ձեզ մոտ թեկուզ 0.1 տոկոս կասկած կա սրա հետ կապված, ավելի լավ է մենք այս պրոցեսը չսկսենք: Չեմ ասում 5, 6, 7, 1, եթե ձեր մեջ նույնիսկ 0.1 տոկոս կասկած կա, որ այս պրոցեսում, ճշմարտությունից բացի, անձամբ ես ուրիշ շահ ունեմ, ուրեմն իմաստ չունի այս պրոցեսը սկսել: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշմարտություն, ես չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը, ճշմարտությունը, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է այսպես տրամադրվի»,- ասել է վարչապետը:
Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը ներկայացրել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքը: Համատեղ խումբ ստեղծելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել վարչապետի և զոհված զինծառայողների ծնողների հետ այս տարվա մարտ ամսին կայացած հանդիպման արդյունքում: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև՝ խմբում ներառել զոհված զինծառայողների իրավահաջորդների համար վստահելի 3 իրավաբանի և վարչապետի կողմից առաջադրված 3 իրավաբանի:
Նշվել է, որ հեռավար քննարկումների շրջանակում մշակվել է խմբի գործունեության աշխատակարգը: Աշխատակարգով նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կունենա զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացնի վարչապետին: Ընթացքի մեջ են խմբի կազմում իրավաբանների ներգրավման աշխատանքները, փոխհամաձայնեցվել է քրեական գործերի ուսումնասիրության հերթականությունը:
Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկները խմբի գործունեության սկզբունքների վերաբերյալ: Ծնողների առաջարկությամբ՝ որոշվել է խմբի կազմում որպես իրավաբան ընդգրկել զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանին: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային կարգով քննարկումները: