Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Alternativ.am կայքի հրապարակմանը:
նա նշել է, որ Alternativ.am կայքը, առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել։
Ավելի վաղ կայքը գրել էր, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման օրը ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այդ պատգամավորներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020թ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում և Հայկ Գևորգյանը՝ ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020թ կրկին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում։
Կայքի տվյալներով՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով: Նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է դարձել 27․06․2020-ին, պատասխանը դրական է եղել: