«Աշխատանքային փորձի ձեռք բերման համար աջակցության» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերի միջոցով ապահովել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունը, դրանով իսկ մեղմելով նրանց սոցիալական լարվածությունը:
Ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում ՀՀ 2021 թ. պետական բյուջեում կատարել վերաբաշխում։
Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված պայմաններ ստեղծելն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման և բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով, անհրաժեշտ քանակով և որակով աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:
Կառավարության կայացրած որոշումը նպատակ ունի նվազեցնել գործազրկության մակարդակը, ապահովել կայուն և ժամանակավոր զբաղվածություն: Ակնկալվում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման համար հնարավորությունների ստեղծում և աշխատանքային փորձ ձեռք բերելու պայմանների ապահովում։