Ո՞ւր դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում ստանալու համար, եթե հիմնադրամի կայքում նշված է, որ Երևանի բնակիչները պետք է փաստաթղթերը ներկայացնեն իրենց թաղապետարանի իրավաբանական բաժին, իսկ այդտեղ չեն ընդունում, Պաշտպանության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններն էլ ուղղորդում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս հարցին պատասխանեց Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նա նշեց, որ Երևան քաղաքի բնակիչները պետք է դիմեն թաղապետարան, որովհետև թաղապետարաններն են այդ փաստաթղթերի ընդունման կետը:
«Եթե կա այդպիսի դեպք, երբ մարդիկ գնացել, դիմել են, և դիմումները չեն ընդունել, ապա մեր էլեկտրոնային փոստին ([email protected]) նամակ ուղարկեն կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին, նշեն, թե որ թաղապետարանն է, որ մեղադրանքը մերկապարանոց չհնչի, որ կարողանանք աշխատել տվյալ թաղապետարանի հետ»,- պարզաբանեց Ավետիքյանը:
Իսկ կա՞ն, արդյոք, շահառուներ, որոնք դեռ չեն ստացել աջակցություն, և ի՞նչն է դրա պատճառը: Ավետիքյանը պարզաբանեց, որ եթե դա անհետ կորածի ընտանիք է, ապա պետք է առաջնահերթ դատարան դիմի՝ անհայտ բացակայող ճանաչելու համար:
Եթե այդ գործընթացն իրականացնել դժվարանում է, ապա Փաստաբանների պալատի ներքո գործող Հանրային շահերի պաշտպանի գրասենյակն անվճար տրամադրում է աջակցություն: Ի դեպ՝ կան նաև փաստաբանական ընկերություններ, որոնք հաճախ անվճար օգնում են քաղաքացիներին անցնել դատավարական գործընթացի միջով:
«Անհետ կործների ցուցակը մենք ստանում ենք ՊՆ-ից,- ասաց Ավետիքյանը,- իմ նախնական տվյալներով 1600 անհետ կորած զինծառայող ունենք, սակայն այդ թիվը նվազում է, քանի որ նախ ոմանք վերադառնում են. նրանց մեջ կարող են լինել գերիներ, որոնց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկային, ապա զինծառայողներ, որոնց անունները մենք ստացել ենք, բայց մի քանի շաբաթ անց պարզվել է, որ հուղարկավորվել է, այսինքն գտնվել է տվյալ զինվեորի մարմինը կամ նույնականացվել»: