ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը, որով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում է կատարվում և առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել:
«Առաջին ընթերցմամբ ընդունված իմ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն եմ ներկայացրել, որ Ազգային փոքրամասնությունների օրը սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա փոխարեն նշել հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Հիմնավորումը հետևյալն է՝ նախագիծը մինչև Արցախյան պատերազմն էր դրվել շրջանառության մեջ, հետևաբար՝ պատերազմից հետո չենք կարող թողնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, քանի որ 7 տարին մեկ այդ օրը լինելու է սեպտեմբերի 27-ը: Մեզ համար սեպտեմբերի 27-ն ուղղակի չի կարող նշվել որպես տոն»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն ընդունել էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով Ռուստամ Բաքոյանն առաջարկել էր սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր: