Խաչատուրյան քույրերի հոր գործով փորձաքննությունը հաստատել է, որ դուստրերն իրենց հորը սպանել են դաժան վերաբերմունքի պատճառով։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Նոր հոգեբուժական փորձաքննության համաձայն՝ Խաչատուրյան քույրերի նկատմամբ իրենց հոր կողմից խոշտանգման, սեռական բռնության և ծեծի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը՝ նրանց հոր սպանությունը, տեղի է ունեցել աղջիկների հետ դաժան վերաբերմունքի և նրանց մոտ առաջացած սթրեսային խանգարման, հոր հանդեպ վախի պատճառով:
Այս մասին TACC-ին հայտնել են աղջիկների փաստաբանները՝ վկայակոչելով փորձաքննությունների արդյունքները, որոնք ստացվել են Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննության ընթացքում։ Այդ գործի շրջանակներում քույրերը ճանաչվել են տուժող։
«Աղջիկներն ու նրանց պաշտպանները, որպես տուժող կողմ, արդեն ծանոթացել են փորձաքննությունների արդյունքներին, որոնք նրանց հետ անցկացվել են հանձնաժողովի նոր կազմով՝ նրանց ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ։ Այդ փորձաքննությունները հաստատել են դստեր նկատմամբ հոր դաժան վերաբերմունքի և սեռական բռնության բոլոր փաստերը, սակայն արդեն նրանց հոր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում»,- ասել է միջնեկ քրոջ փաստաբան Մարի Դավթյանը:
Փորձագետները պարզել են, որ 2014-ից ի վեր աղջիկներից յուրաքանչյուրը տառապում էր դաժան վերաբերմունքի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման համախտանիշով։
Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ Խաչատուրյանների ընտանիքում աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել 2018 թվականի հուլիսին: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերել էին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք դուստրերը: Աղջիկների պնդմամբ՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք էլ հարկադրված են եղել պաշտպանվել: