ՀՀ-ում կլինի 78 համայնք, որոնցից 71-ը՝ խոշորացված, դրանցից մեկը՝ Երևանը, կլինի առանձին: Այս մասին ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Վերջինս նաև տեղեկացրեց, որ կլինի 6 չմիավորված համայնք, որից մեկը Գյումրին է, և ազգային փոքրամասնություններով բնակեցված ևս 5 համայնք:
«Համայնքների խոշորացումն իրականացվում է իշխանական լիազորությունների ապակենտրոնացում իրականացնելու նպատակով: Պետք է համայնքների համաչափ կառուցվածք ունենանք»,-նկատեց կառավարության ներկայացուցիչը:
Ըստ Վաչե Տերտերյանի՝ խոշորացման նպատակը համայնքների համաչափ զարգացումն է և ռեսուրսների արդյունավետ կառավարումը:
Հայաստանում վարչատարածքային բաժանման նախատեսվող փոփոխություններով՝ խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում, բայց Վաչե Տերտերյանը չբացառեց, որ հարցը դեռ կքննարկվի:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն էլ ասաց, որ խոշորացման և միջհամայնքային միավորումների ստեղծելու հայեցակարգը սկսել է 2011 թվականին: Նա հիշեցրեց, որ 2016 թվականին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը և առաջին փուլում ՀՀ 486 համայնք միավորվել է՝ դառնալով 54 խոշորացված համայնք։ Օրենքի նախագիծը, որ դրվել է շրջանառության մեջ, նախատեսում է ՀՀ 441 համայնքը միավորել՝ դարձնելով 37 խոշորացված համայնք:
Նշենք, որ Ազգային Ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է կազմակերպել:
Հիշեցնենք, որ խոշորացումը միանշանակ չի ընդունվել համայնքների կողմից: Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները դեմ են միավորմանը և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:
Հավելենք, որ Գեղամասարն արդեն խոշորացված համայնք է, որը կրկին ցանկանում են միավորել Վարդենիս համայնքին: