Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:
«Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,- մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:
«Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնականը նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,-ասում է Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:
Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ:
Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել տուգանք: