Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հակամարտության կողմերի իշխանությունների հետ երկխոսության մեջ է։
«Վերջին էսկալացիայի ընթացքում գերեվարվածներին տեսակցելու ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տանում»,- հավելեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ նոյեբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ Մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 9 զոհված և 13 գերեվարված զինծառայող։