«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նոր բաժանմունք է բացել։ Սա Հայաստանում առաջին կենտրոնը կլինի, որ նախատեսված է ինչպես վերականգնողական խնամքի, այնպես էլ գանգուղեղային ծանրագույն վնասվածքներից հետո զինծառայողների վերականգնման համար:
Նոր բաժանմունքի բացումից հետո «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրեց 4 տարվա ընթացքում կատարած աշխատանքները։
Նա խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ առաջիկայում ստեղծելու են Վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն։
«Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 25 մլն դոլար է լինելու։ Առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ ավարտվել է, արդեն իսկ հավաքվել է շուրջ կես մլն դոլար։ Այս գաղափարի շուրջ մեզ սպասվում է համահայկական միաբանություն։ Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր բժշկական օգնությունը»,- կարևորեց Մինասյանը։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչպե՞ս են լուծում վիրավոր զինծառայողների առողջության հարցը, որոնք արտերկրում բուժօգնություն ստանալու կարիք ունեն, Հայկուհի Մինասյանն արձագանքեց, որ հարցը լուծում են Առողջապահության նախարարության հետ համատեղ։
«Մենք Հայասստանում չունեինք նման կենտրոն, սա առաջին կենտրոնն է։ Պատերազմից հետո 4 զինվոր արտասահմանում են բուժում ստանում, եթե կենտրոնը շուտ բացված լիներ, նրանք հիմա այստեղ կբուժվեին, և կարիք չէր լինր, արտերկիր տեղափոխելու»,- նշեց նա։