Երևանի քաղաքապետարանը տասն օր առաջ բազմապրոֆիլային աուդիտ է սկսել Կենդանաբանական այգում։ Այս մասին այգու նախկին աշխատակիցների հետ հանդիպմանը տեղեկացրեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Փոխքաղաքապետը մեկ շաբաթ առաջ է այգում եղել, սեփական աչքով ծանոթացել է խնդիրներին։
«Բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են՝ կապված կենդանիների անկման հետ, սննդի մատակարարման հետ»,- նշեց նա և ի պատասխան Armenia Today-ի հարցին՝ ընդգծեց, որ հնարավորին ամեն ինչ անելու են, որ ներգրավեն լավագույն աշխատողներին։
Քաղաքապետի առաջին տեղակալը նաև շեշտեց, որ այգում բազմաթիվ խնդիրներ կան կուտակված և խորքային փոփոխություններ են անհրաժեշտ։
Հովհաննիսյանի խոսքով՝ խնդիրը ժառանգել են։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի հնարավորինս շուտ այս հարցը լուծում ստանա, այն բոլոր հարցերը, որոնք հանրությանը հուզում են, իրենց ուսումնասիրության կենտրոնում են։
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները հերթական բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ այգում շարունակվող կենդանիների սպանդի։
Նրանք այսօր իրենց ակցիան տեղափոխել են Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ Երևանի կենդանաբանական այգում վերջին 6 ամսվում բազմաթիվ կենդանիներ են սատկել, սակայն այդ մասին չի բարձրաձայնվել։