Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև անցյալ տարի նոյեմբերին ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ դրամաշնորհի չափը կազմում է 5 մլն եվրո:
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որով անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ:
Հավելենք, որ նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019 թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում:
«Քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021 թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով»,- հստակեցրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նկատենք, որ նախագծին կողմ քվեարկեց միայն իշխանությունը՝ 71 ՔՊ պատգամավորները, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ձեռնպահ մնաց։