«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
Հիշեցնենք, որ նկատի ունենալով եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։