Որեւէ խնդիր չկա, անհրաժեշտության դեպքում վերջին իրադարձությունների ֆոնին մենք կարող ենք ավելացնել ռուսաց լեզվի դասարանների թիվը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Զարմանալիորեն ֆրանսերենի մասին չեք խոսում, անգլերենի, գերմաներենի մասին չենք խոսում, հենց ռուսերենի անունը լսում եք, ասում եք՝ էս ի՞նչ եք անում։ Որևէ դավադիր, գաղտնի, դարակազմիկ ոչինչ տեղի չի ունենում»,- արձագանքեց նա։
Նախարարը չբացառեց, որ հնարավոր է ռուսական դպրոց բացվի Հայաստանում։
«Մենք ռուսերենին չենք ասում այո, անգլերենին՝ ոչ։ Անգլերենն էլ, այո, ռուսերենն էլ, այո, ֆրանսերենն էլ ,այո, վրացերենն էլ, այո։ Ինչո՞ւ ոչ, մի հակադրեք։ Մենք ծրագրում ենք, որ այս տարի հայ- վրացական սահմանին մոտ գտնվող բնակավայրերի դպրոցներում նաև վրացերեն դասավանդվի»,- հավելեց Դումանյանը։
Դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմն է նման ցանկություն հայտնել, Դումանյանը պատասխանեց․ «Ես այդ լուրը կարդացի, ես չգիտեմ, չեմ տիրապետում։ Ինձ թվում է՝ դա կարող է լրագրողական ձևակերպում է, մի քիչ կարող է այլ ձև է մատուցվում, ոչ թե ՀՀ-ն հատուկ պաշտոնական դիմել է, որ՝ խնդրում ենք, թույլ տվեք։ Դրա համար պետք չէ, որ մենք դիմենք, եթե ուզենք դա անել, կանենք առանց դիմելու»։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ռուսական դպրոցների թվի ավելացումը մեծ միջոցներ է պահանջում։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի։
Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում այս կապակցությամբ ասել է. «Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը՝ աշխատում ենք Հայաստանի հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը եւ Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական ԲՈՒՀ-երում ուսումնառությունը շարունակել՝ քվոտաների ավելացմանը»։