ՀՀ պետական եկամուտների հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի խոշոր ներմուծումներ իրականացնող որոշ կազմակերպություններ, հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ, նախօրոք մշակում են մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։
Իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են Սյունիքի մարզում գործող բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։
Նշվում է, որ լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձևակերպումների, դրանք վերավաճառել են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների։
Օպերատիվ տվյալների համաձայն՝ խոշոր ներկրող կազմակերպություններից որոշներն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած վառելիքը, առանց համապատասխան փաստաթղթերի, վերավաճառել են Հայաստանի տարածքում, սակայն փաստաթղթերով ձևակերպել են, որ դրանք տեղափոխել և վաճառել են Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպություններին։
ՊԵԿ-ից ընդգծում են, որ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վառելիքի ներմուծումներով և վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մի քանիսի մոտ արդեն իսկ արձանագրվել են առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարարումների և տեղափոխությունների խախտման դեպքեր։ Վերջիններիս նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։