Քննիչները քրեական գործեր են հարուցել պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ։ Նրանց ինքնությունը չի բացահայտվում, նշվում են միայն սկզբնատառերը՝ Վ.Գ. և Ի.Վ. Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ ԱԱԾ-ի հետ համատեղ։
Ւսը քննության արդյունքների, երկուսն էլ հավաքագրվել են օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից և խնդրել են իրենց Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել:
ԱԱԾ-ի տվյալների համաձայն, ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017 թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022 թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն:
Երկրորդ դեպքով էլ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022 թ. ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում բացահայտորեն հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, որոնցում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 10.08.2022 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի (պետական դավաճանությունը) 1-ին մասով և 424-րդ հոդվածի (լրտեսությունը) 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ: Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ նշված անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ տարեսկզբից ԱԱԾ-ն դատարան է ներկայացրել պետական դավաճանության փաստով հինգ քրեական գործ, որոնցում մեղադրյալ են դարձել հանրապետության 12 քաղաքացիներ։ Հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի քան 50 հայ զինվորականներ մեղադրվում են լրտեսության մեջ։