2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:
Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում»,- նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին
Հայաստան բնական գազի մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն Վրաստանի տարածքում վթարային վերականգնման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս տարանցիկ...