Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովը։
Հստակեցվում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախաձեռնությամբ առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն: Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ իրականացվող փոփոխությունները մշակվել և համաձայնեցվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:
Պատգամավորների դիտարկմամբ՝ փաթեթում հստակ ձևակերպված չեն որոշ սահմանումներ: Նախաձեռնությունը կարևոր է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և անհրաժեշտ՝ միջազգային պարտավորությունները կատարելու տեսանկյունից, սակայն այն նաև պետք է լինի իրատեսական. նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Հանձնաժողովում քննարկված հարցը ստացել է դրական եզրակացություն՝ նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկումները շարունակելու պայմանով: