Կառավարությունն առաջարկում է դատախազներին ամսական հավելում տրամադրել՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Օրենսդրական համապատասխան նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ նշելով առաջարկի հիմքերը։
Ըստ ԱՆ փոխնախարարի՝ վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել գործառույթների իրականացման արդյունավետության նվազմանը, ինչը վերջնարդյունքը կարող է բերել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի և պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում առկա հանրային սպասելիքների չիրականացմանը:
Վարձատրության բարձրացման մյուս հիմնավորումը քրեական գործերի աճն է։ «Դատախազների ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դատախազի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը»,- ասաց փոխնախարարը։
Հավելենք, որ օրենքի նախագծում նշված է, որ 2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 432 անձ) ամսական դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով բյուջեից անհրաժեշտ է լինելու շուրջ 2,443,304,718 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։