Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: Նրանցից մեկը հայտնել է, որ ադրբեջանցու ձեռքին այն մարդու հեռախոսն է եղել, որին սպանված են գտել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: Այս մասին գրում է News.am-ը:
Երիտասարդներից մեկը՝ Գոռ Օհանջանյանը, մանրամասներ է պատմել դեպքից։
«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել և այլն: Մեր ոստիկաններն էլ, փոխարենը դրան բռնեին, եկել ու մեզ են բան ասում: Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում, մեզ են գցում, հասկանո՞ւմ եք: Շատ վատ պահվածք ցույց տվեցին այդ ոստիկանները»,- պատմել է Գոռը:
Գոռ Օհանջանյանի խոսքով՝ ադրբեջանցին թրջված ու կեղտոտ վիճակում է եղել:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդն սպանվել էր երեկ, նրա մարմնի վրա հայտնաբերվել էր վեց հրազենային վնասվածք։
Մանրամասները’ սկզբնաղբյուրում։