Այսօր Սայաթ-Նովա պողոտայում կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են գնդաձև սոսիներով։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտնել է, որ սոսիներն ավելի երկարակյաց են։ Դրանք ապրում են մի քանի հարյուր տարի քաղաքային պայմաններում։
«Այս տարածքը զբաղեցրած էր «գրեթե ոչինչ չանող» ծառերի բներով։ Մենք այդ կանաչ տարածքները հրատապ կերպով պետք է զբաղեցնենք ծառերով»,- ասաց Բեգոյանը՝ նշելով, որ հատման աշխատանքները կատարել են շատ արագ։ Աշխատանքները սկսել են առավոտյան 06։30-ից։
ՀՈԱԿ-ի մամուլի քարտուղար Արթուր Աղաբեկյանը Armenia Today-ին հայտնեց, որ փոխարինվել է 50 ծառ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ծառերի փոխարինման աշխատանքները սկսել է Կասկադից՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում ծառերի զանգվածային հատման աշխատանքներից։ Գերատեսչության որոշմամբ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվել են, հանվել են դրանց արմատները։ Նույն հորերում տնկվել են նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում:
Armenia Today-ի լուսանկարիչը տեղում հետևել է ծառերի փոխարինման աշխատանքներին։