Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։
Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով «ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի, Armenia Today-ը տեղեկացել է «ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերության մամուլի ծառայությունից։
«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ»,-նշել են ընկերությունում։
Թեև տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային, բայց ընկերությունից նշել են, որ ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։
«Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով»,-ընդգծել են ընկերությունում՝ մատնանշելով ֆորս մաժորի մասին։
Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրկին կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհ և վիրավոր ուներ։ Մայիսի 17-ին հայտնի էր դարձել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մեկ զինծառայողի մահվան և շտապօգնության աշխատակիցի վիրավորվելու մասին։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։