Արցախում տիրող աղետալի իրավիճակով պայմանավորված՝ հուլիսի 28-ին նախատեսված «Պաղպաղակի փառատոն»-ն անժամկետ հետաձգվում է, ասված է «Երազ այգու» ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Տեղեկացնում ենք, որ Արցախում տիրող աղետալի իրավիճակով պայմանավորված՝ հուլիսի 28-ին նախատեսված «Պաղպաղակի փառատոն»-ն անժամկետ հետաձգվում է։ Մեր այս որոշման հետ համակարծիք են միջոցառման բոլոր համակազմակերպիչ մեր գործընկերները, մասնակիցները, մեր ամբողջ թիմը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլորի մտքերն ու աղոթքներն այսօր Արցախի հետ են և ուղղված են Արցախին, ու բոլորի երազանքներն Արցախին են վերաբերում։
«Հուսով ու հավատով ենք, որ շատ շուտով նորից կհանդիպենք «Երազ այգում», լիաթոք ուրախությամբ և խաղաղ մտքով կնշենք բոլոր իրադարձությունները, տոներն ու փառատոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: