Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։ Բողոքի ակցիան մեկնարկել է առավոտից նախագահի նստավայրում, որտեղ հիմա երկրի վարչապետն է նտում:
Անհետ կորածների հարազատները հուլիսի 19-ին նույնպես պահանջում էին հանդիպում Փաշինյանի հետ, սակայն նրանց խնդրել էին հեռանալ ու ժամանակ տալ վարչապետին օրակարգում հանդիպումն ընդգրկելու համար: Սակայն մեկ շաբաթից պատասխան չստանալով՝ վերադարձել են կրկին հանդիպման պահանջով:
«Մենք շատ ժամանակ չենք խլի իրենցից»,- ասաց անհետ կորածների հարազատներից մեկը: Մեզ երկու հարց է անհանգստացնում՝ մեր տղաները, որոնք անհայտ բացակայող են և դատական պրոցեսը: Այլ անհանգստացնելու հարց չունենք»,- ասաց նա:
Պարզաբանելով դատական պրոցեսը՝ ցուցարարն ասաց, որ 35 տղա անհետ կորած է, սակայն Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն նույնիսկ կալանքի տակ չէ: Իր տվյալներով՝ պատժի կիրառում դատական մարմինները չեն ուզում կիրառել, ինչը կապում է վարչապետի հետ մեղադրյալի հնարավոր բարեկամական կապի մասին:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետեւանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելուն, գերեվարվելուն և անհետ կորչելուն։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը, որը պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, 2021թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։
Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետևանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ, որից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, իսկ մյուսները՝ գերեվարվել։