Այս պահի դրությամբ բողոքի գործողությունների արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 84 անձի։ Տեղեկությունն Armenia Today-ին հաղորդեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Բոլորը բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով)»,- նշել է Զարզանդ Գաբրիելյանը:
Վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակվել են մի շարք կենտրոնական փողոցներ։ Բերման է ենթարկվել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ այս բողոքի ակցիաներին պետք է ներգրավվեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության բոլոր մարզերի բնակիչները։ Նա կոչ էր արել քաղաքացիներին սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ին հավաքվել կառավարության շենքի մոտ և խափանել կառավարության՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։