Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին, հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը՝ նշելով, «քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու համար Հայաստան, կալանավորումը դառնում է տագնապալի միտում»:
«Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը ջատագովում է խաղաղության կառուցմանը և ամբողջ աշխարհի մարդկանց ապահովում է կրթություն և առողջապահություն»,- X-ի (Twitter) իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։