Միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը, և սա կարևոր ցուցանիշ է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Աշխատելով, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ եկանք, հասանք այս օրը, երբ Հայաստանում Պարեկային ոստիկանությունն այլևս իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է, և դրանով մենք կամփոփենք այս փուլը»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այս գաղափարն իրականացնողներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ովքեր նույնպես հավատացել և աջակցեցել են գործընթացին:
«2021թ. օգոստոս-սեպտեմբերին, երբ Երևանում Պարեկային ոստիկանության գործունեության առաջին օրերն էին, ըստ էության, խառնաշփոթ իրավիճակ էր, բոլորն ահազանգում էին, որ պարեկները չեն կարողանում երթևեկությունը կարգավորել, բոլոր տեղերում խցանումներ են և այլն: Բայց դա տևեց ընդամենը մի քանի օր, որից օր հետո ամեն ինչ ընկավ իր տեղը և մարդիկ սկսեցին տեսնել, նկատել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ»,- նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով հետագա քայլերին` վարչապետը հավելել է, որ առաջիկա խնդիրը, ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է: