Բաքվում «ահաբեկչության ֆինանսավորման» մեղադրանքով կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի և գործընկերների հետ 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար է ներդրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և տարբեր բարեգործական ծրագրերում, հայտնում է Forbes-ը՝ հղում անելով 2023 թ. Վարդանյանի հիմնադրած IDeA հիմնադրամին:
«Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումներից բացի մոտ 430 մլն դոլար է հատկացվել կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառում (20 մլն դոլար), տարածաշրջանային ծրագրերին, զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների զարգացմանը (108 մլն դոլար), գիտության և տեխնոլոգիաների, առողջապահության և ագրոէկոլոգիայի ոլորտներում (13 մլն դոլար) նախագծերի միջոցով»,- գրել է ամսագիրը։
Forbes-ը նշել է, որ Վարդանյանն Արցախին սկսել է օգնել 2022 թվականին այնտեղ տեղափոխվելուց շատ առաջ։ Այսպես, 2008 թվականին բարերարն իրականացրել է «Մեծ արցախյան հարսանիք» նախագիծը, երբ մոտ 700 զույգ միաժամանակ ամուսնացել է։ «232 նորապսակ զույգի համար անձամբ Ռուբեն Վարդանյանն է եղել քավորը, ով հետագայում դարձել է այս ամուսնությունների արդյունքում ծնված 428 երեխաների կնքահայրը»,- պարզաբանել է ամսագիրը։
Վարդանյանը 2017 թվականին մասնակցել է նաև Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնմանը, իսկ երկու տարի անց նրա շնորհիվ ավարտվել է Շուշի քաղաքի իրանական Գևհար աղայի մզկիթի վերականգնումը։ Վարդանյանն ընտանիքի հետ ավելի քան 8 միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու համար։
Forbes-ի՝ Վարդանյանի ամենախոշոր բարեգործական ծրագրերի ցանկում են նաև UWC Dilijan միջազգային դպրոցը (190 միլիոն դոլար), Տաթևի վանական համալիրի վերակառուցումը (34 միլիոն դոլար), «Ավրորա» մրցանակը (68 միլիոն դոլար) և Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը (350,000 դոլար):
Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը՝ «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիրը, 2013 թվականին իր ստեղծած «Սկոլկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը, Արցախ էր տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին։ 2022 թվականի նոյեմբերին նշանակվել էր Արցախի Հանրապետության պետական նախարար, իսկ 2023 թվականի փետրվարին պաշտոնանկ էր արվել։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր Վարդանյանին կալանավորելու մասին։ Նույն օրը Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները նրա իրավունքները պաշտպանելու և ազատ արձակելու համար, իսկ կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով տեղեկություններ Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին նա կալանավորվել էր 4 ամսով, նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։