Մահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում, գրում է News.am-ը։
«Իմ դասընկերոջ որդին էր, իրենք շատ խելոք, կշռադատված ընտանիք են, հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի: Չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում կարող էր դեպքը տեղի ունենալ, ինքը շատ խելացի, արտակարգ խելոք տղա էր, մատով ցույց տալու երեխա էր»,- պատմել է վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը՝ նշելով, որ Միքայելը տան միակ որդին էր, մեկ քույր ունի:
Միքայել Դանիելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի մահվան մասին։ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Կարապետյանին, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում է հասցրել մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր մեկ օրվա ընթացքում 2-րդ զինվորականի մահվան մասին։