Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: Այդ թվում՝ Տաշիր պիցցա, Լաբիրինտ, Նովելլա մյուզիք հոլ, Մոնտանա մյուզիք հաուս, Հուկահ լաունջ/Ռումս և այլ շինություններ, կրպակներ»,- գրել է նա:
Նշվում է, որ այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի:
Այսօր ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման մասին քննարկումները: Նա մատնանշել էր, որ վերակառուցման ծրագիրը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է լինելու, ակումբը գործելու է մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում:
Հունվարի 9-ին Երևանի քաղաքապետարանը հերքել էր Օղակաձև զբոսայգում գտնվող թենիսի կորտերը քանդելու մտադրության մասին շրջանառվող տեղեկությունները: Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը: