Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ներկայացրել է Օղակաձև այգու 4-րդ հատվածի բարեկարգման մանրամասները: Նա հստակեցրել է, որ քաղաքապետարանի խնդիրն այն է, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը որպես հանրային տարածք ծառայի:
«Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածն ու առհասարակ՝ ամբողջ զբասայգին ամբողջությամբ, ինչպես մնացած բոլոր հանրային այգիները, Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններում են: Այդ տեսանկյունից այն, ինչ հանրային տարածք է, պետք է ծառայի որպես հանրային տարածք, որպեսզի մարդիկ կարողանան այդ տարածքում ազատ շրջել, զբոսնել, իրենց հանգիստը վայելել: Այդ տրամաբանության մեջ է պարոն Ավինյանի նշած թենիսի կորտերի ենթադրյալ տեղափոխումն ու տվյալ վայրում գործունեությունը դադարեցնելը»,- նշել է Կոստանյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հիշեցրել է թենիսի կորտերն այլ վայր տեղափոխելու քաղաքապետարանի որոշումը: Կոստանյանը շեշտել է, որ քաղաքապետարանի համար կապ չունի, թե տվյալ տարածքում ովքեր են գործունեություն ծավալում և որևէ առանձնահատուկ վերաբերմունք չունեն այգու մյուս հատվածներում գործող բիզնեսների նկատմամբ:
«Ամբողջ տարածքը պատկանում է Երևան համայնքին: Քաղաքապետարանն իր առաջ որևէ խնդիր չունի իքս կամ իգրեկ տնտեսվարողի հանդեպ առաձնահատուկ մոտեցում ցույց տալու: Եթե կհայտնվեն սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրեր, միանշնակ պետք ֆիքսել, որ հնարավոր է լինելու դրանք կյանքի կոչել՝ անկախ տնտեսվարողի ով լինելուց»,- ասել է նա:
Խոսնակը հավելել է, որ բոլոր վարձակալներին փոխհատուցում է տրվելու: Հարցին, թե վարձակալական պայմանագրերը վաղաժամ խզելու հետ կապված իրավական խնդիրներ չե՞ն կարող առաջանալ, Կոստանյանը պատասխանել է, որ հարցը հանրային գերակա շահի հետ է կապված և դժվար խնդիրներ առաջանան, նաև բոլոր վարձակալներին փոխհատուցում է տրվելու:
Հունվարի 15-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման մասին քննարկումները և մատնանշել է, որ վերակառուցման ծրագիրը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է լինելու, ակումբը գործելու է մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում:
Մանրամասները՝ տեսանյութում: