ՅՈւՆԻՍԵՖ-ը 5000 ից ավել գրենական պիտույքներով պայուսակներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված դպրոցականներին, հայտնել է Հայաստանում այդ կազմակերպության կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։
«Կարիքների վեր հանման առաջին փուլում հիմնական բացերից մեկը նաև գրենական պիտույքների և պարագաների, դպրոցական պայուսակների բացն էր, որը կարողացանք գործընկեր կառույցների միջոցով լրացնել»,- ասել է նա։
Պողոսյանի խոսքով՝ իրենք նախարարության և գործընկեր կառույցների միջոցով նաև աշխատանք են տարել համայնքների և հյուրընկալող դպրոցների հետ, որպեսզի այնտեղ կարողանան ավելի մեղմ վերաբերվել երեխաներին՝ հաշվի առնելով նրանց խոցելիությունը։
«Հատկապես շատ ցցուն էր երեխաների հոգեբանական, սոցիալական իրավիճակը։ Այստեղ շատ մեծ աշխատանք է պետք կատարել դպրոցի հոգեբանների հետ և աշխատել ոչ միայն տեղահանված երեխաների, այլև նրանց ծնողների հետ։ Սկզբում դժվարություն կար այս երեխաներին բերել դպրոց։ Ընտանիքների վիճակը շատ անորոշ էր, և իրենք չէին կարողանում հասկանալ՝ մնալո՞ւ են, թե՞ վերադառնալու, որովհետև արդեն 2020 թվականին մեկ անգամ եղել էր, որ եկել և վերադարձել էին»,- ընդգծել է Պողոսյանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 100 632 Արցախի քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։