Ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում իր չեմպիոնության առթիվ «Զվարթնոց» օդանավակայանում ստացած դափնին խոնարհել է հերոս եղբոր՝ Տարոն Անդրեասյանի շիրիմին, հայտնում է Armsport-ը:
Արմանի եղբայրը՝ Տարոն Անդրեասյանը, 44-օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ և չի հանձնվել։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։
Փետրվարի 17-ին Արմանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել՝ եզրափակչում 7։3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ Ակակի Կեմերթելիձեին։
Անդրեասյանն Armenia Today-ին հայտնել էր չեմպիոնության ճանապարհի ամենադժվար և տպավորիչ մենամարտի մասին։ Նրա խոսքով՝ դա Հունգարիան ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Իսմայիլ Մուսուկաևի հետ մենամարտն էր։ Անդրեասյանին հաջողվել էր կիսաեզրափակչում Մուսուկաևին հաղթել 8:5 հաշվով և դուրս գալ եզրափակիչ։