2024 թվականի ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում, որը կլինի ԱՄՆ-ում տեսանելի Արեգակի վերջին ամբողջական խավարումն առաջիկա 2 տասնամյակի ընթացքում՝ հաջորդը կլինի 2042 թվականի ապրիլի 20-ին, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի:
Ըստ NASA-ի տվյալների՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի 28 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում:
Հաշվի առնելով այն փաստը, որ եղանակը հաճախ խանգարում է նրանց, ովքեր սիրում են դիտել նման աստղագիտական երևույթներ, Delta Airlines ընկերությունն առաջարկել է հատուկ թռիչքային երթուղի, որն ուղևորներին կտեղափոխի ուղիղ դեպի ապրիլին սպասվող արևի ամբողջական խավարման կենտրոն և թույլ կտա դիտել այդ հազվագյուտ իրադարձության գագաթնակետը: