Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի մոտ։ Նրանք բողոքում էին բնակիչներից իրենց հողամասերի ու շինությունների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքների համար գումար գանձելու մասին ավագանու որոշման դեմ։
Կոնդի բնակիչները պնդում են, որ 2004թ.-ին, երբ իրենց տրամադրվել են բնակարանի սեփականության վկայականներ, չափագրումների ժամանակ քաղաքային իշխանությունները միտումնավոր հաշվի չեն առել որոշ հողամասեր։ Արդյունքում տրված սեփականության վկայականներում նշված չեն եղել բնակարաններին հարող տարածքները, բակերը, նկուղները։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա արվել է այն ժամանակվա քաղաքապետի որոշմամբ, քանի որ իշխանությունները նախատեսում էին այդ տարածքը օտարել կառուցապատման համար։
Տարածքի բնակիչները ակցիայի ժամանակ պահանջում էին շտկել այս իրավիճակը, ինչպես նաև չեղարկել ավագանու որոշումն այն մասին, որ հողամասերի սահմանները ճշգրտելու և նոր վկայականներ ձեռք բերելու համար պետք է վճարեն գույքի ընդհանուր կադաստրային արժեքի 2%-ը։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ օրենքով սեփականաշնորհումը պետք է իրականացվի անվճար՝ միաժամանակ ավելացնելով, որ տարածքի բնակիչները պատրաստ են փաստաթղթերի նոր փաթեթի համար վճարել ֆիքսված գումար՝ 10-15 հազար դրամ։
Ցուցարարները պահանջում էին հանդիպում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Նրանց խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել է անհատույց հիմքով կազմակերպել սեփականաշնորհման գործընթացը։ Ցուցարարներից մեկը նշեց, որ եթե քաղաքապետարանը հրաժարվի կատարել իրենց պահանջները, ապա Կոնդի բնակիչները մտադիր են դիմել կառավարությանը, իսկ հետո՝ դատարան՝ ավագանու որոշումը բեկանելու համար։ Նրանք նաև ընդգծեցին, որ եթե Կոնդի զարգացման ծրագիրն իրականացվի, իրենք կպահանջեն փոխհատուցում՝ գույքի շուկայական արժեքի չափով։
Ավելի ուշ ցուցարարները հայտնեցին, որ Երևանի քաղաքապետն իրենց հետ չի հանդիպել։ «Թող Ավինյանն իմանա, որ մենք իրեն թռցնելու ենք: Երբ մենք իրեն պետք էինք, մեր ոտքերն էր ընկել, որ իրեն ընտրենք: Մենք նրան դուրս կշպրտենք»,- իր դժգոհությունն է հայտնել նա։ Ակցիայի մեկ այլ մասնակից հայտարարել է պայքարի հաջորդ փուլ անցնելու մասին։ «Ես անձամբ նրանց ընտրել եմ, որ իմ հարցերը դրական լուծվի: Ու քանի որ նրանք այսպես են անում, մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլին»,- հայտարարել է նա՝ կոչ անելով ցուցարարներին վերադառնալ Կոնդ և այնտեղ որոշել հետագա անելիքները։
Փետրվարի 26-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը հայտարարել էր «Կոնդ» թաղամասի իրացման և օտարման մասին:Երևանի ավագանու որոշմամբ, ըստ բնակիչների դիմումների, պետք է իրականացվեն թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար՝ 2%-ի չափով:
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը տեղեկացրել էր, որ տարածքի արժեքը կազմում է 214 կամ 139 հազար դրամ, իսկ 25 դեպքերի մասով ունեն 100-650 հազար դրամ վճարի ենթակա գումարներ։ 2021 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր Կոնդ թաղամասի կառուցման միջազգային ճարտարապետական և քաղաքաշինական բաց մրցույթ։ Կոնդի վերակառուցման նախագիծը մշակվել էր «Երևաննախագիծ» ինստիտուտի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի կողմից։
2023 թվականի ապրիլին այն ժամանակ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեթի հետ այցելել էր Կոնդ և պայմանավորվել, որ հայ և ֆրանսիացի մասնագետները մոտ ապագայում կսկսեն աշխատանքը: