Երևանի քաղաքապետարանը կանանց տոների կապակցությամբ մարտի 8-ին հասարակական տրանսպորտով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձ չի գանձի, հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է Մետրոպոլիտենին, համայնքային «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոբուսներին և տրոլեյբուսներին։
Ավինյանի խոսքով՝ «կանանց միամսյակի» ընթացքում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, (Մայրության և գեղեցկության տոնը Հայաստանում) Երևանի քաղաքապետարանը մշակութային նախաձեռնություններով հանդես կգա:
«Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետի 1000-ից ավելի տոմս կտրամադրի»,- ասել է նա։
Քաղաքապետը հավելել է, որ համայնքի ենթակայությամբ գործող կառույցներում աշխատող շուրջ 15 000 կանանց մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն: