Երևանում ծառափոխության պատրվակով կտրվում կամ արմատախիլ են արվում մայրաքաղաքի մեծ և առողջ ծառերը, հայտնել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը
«Երևանցուն հրամցվում են ծառատեսակներ, որոնք մեր պայմաններում կենսունակ են ոչ թե որպես բույս, այլ որպես կոռուպցիայի վտանգավոր աղբյուր։ Երևանում ծառափոխության, իրականում` ծառասպանդի գործընթացը համապատասխան օղակների ու կառույցների պատշաճ փորձաքննություն չի անցել։ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը չեն տեղեկացվել այդ «ծրագրի» մասին»,- Facebook-ի իր էջում գրել է Մնացականյանը
Նրա խոսքով՝ գործընթացի անմիջական պատասխանատու և իրականացնող քաղաքային իշխանությունը շարունակում է մնալ կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Նրա հաշվարկներով՝ արդեն կտրվել է շուրջ 200 ծառ, նախատեսված է կտրել ևս շուրջ 3000 ծառ։
Մնացականյանը կոչ է արել խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ պայքարին՝ կանխելու բնապահպանական աղետը:
Երևանի քաղաքապետարանը ծառերի փոխարինման ծրագրերի իրականացումն սկսել էր 2023 թվականի մարտին։ Քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ կտրվածների փոխարեն նախատեսվում է տնկել տարբեր տեսակի 2500 ծառ, այդ թվում՝ սակուրա։ Քաղաքապետարանը պնդում էր, որ հատվող ծառերը կենսունակ չեն, պսակ չունեն։
Բնապահպան Սիլվա Ադամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ իշխանությունների գործողությունները կհանգեցնեն Երևանում բնապահպանական աղետի։ 2024 թվականի մարտի 24-ին Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության երկու անդամ բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին՝ ծառահատումների դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո։ Նրանց խոսքով՝ իրենք տեղում փորձել են կանգնեցնել ծառահատումների գործընթացը, որից հետո իրենց վրա հարձակվել են քաղաքապետարանի աշխատակիցները։