Armenia Today-ը հարցում է անցկացրել երևանցիների շրջանում՝ բուհերի օպտիմալացման իշխանությունների որոշման մասին նրանց վերաբերմունքը պարզելու նպատակով, որի շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան «կտեղափոխվի» Ակադեմիական քաղաք:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կրթության ոլորտում բարեփոխումների մասին, որոնց շրջանակում Հայաստանում պետական ամբողջական ֆինանսավորմամբ կստեղծվի ութ համախմբված գիտահետազոտական համալսարան և կկառուցվի Ակադեմիական քաղաք, որտեղ կտեղակայվեն բոլոր բուհերը։
Մարտի 16-ին Փաշինյանը հայտարարել էր, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում ոչ մի բուհ չի գործի նորաստեղծ Ակադեմիական քաղաքից դուրս։
Կոնսերվատորիան, իր հերթին, կյանքի է կոչել «Փրկենք Երևանի պետական կոնսերվատորիան. Կոմիտասը Երևանում» նախաձեռնությունը։
Գրեթե բոլոր հարցվածները դեմ են արտահայտվել Կոնսերվատորիան Ակադեմիական քաղաք տեղափոխելուն։ Երիտասարդ աղջիկը վստահ է, որ դա սխալ որոշում է։
«Շատ մարդիկ գուցե հնարավորություն չունենան գնալ-գալու, այդ իսկ պատճառով որոշումը նպատակահարմար չէ», – բացատրել է նա:
Մեկ այլ քաղաքացի կարծում է, որ Կոնսերվատորիան միշտ եղել է այս տեղում, և ավանդույթները չպետք է խախտվեն։ «Համաձայն չեմ, որ որևէ համալսարան տեղափոխվի»,- հավելել է նա։
«Կոնսերվատորիան երաժիշտների սիրտն ու հոգին է։ Շենքը պետք է տեղում մնա, այլ վայր չպիտի տեղափոխվի, այն մեզ համար երկրորդ տուն է։ Կոնսերվատորիան մոտ է Օպերային, մի փոքր ներքև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջն է, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, Չայկովսկին, բոլորը համատեղված եբ մի վայրում, ուստի շենքը քանդելու և այլ վայր տեղափոխելու կարիք չկա»,- ասել է հարցվածներից մեկը։
Քաղաքացիներից մեկը ևս կտրականապես դեմ է իշխանությունների այս ծրագրին։ «Մեր մշակույթն աստիճանաբար մարում է։ Այս շենքը պետք է մնա, որ անցնելուց հիշեն, որ իրենք էլ ազգ են, մշակույթ ունեն»,- ասել է նա։
Տարեց տղամարդուն հետաքրքրել է այն հարցը, թե կա՞ գոնե մեկ մարդ, ով կհամաձայնի իշխանությունների այս որոշման հետ։ «Մեր քաղաքը գեղեցիկ է երիտասարդությամբ, այդ աշխուժությունը երիտասարդներն են բերում: Քաղաքը կմթնի, պարզապես իր դեմքը կկորցնի»,- ասում է հարցման մեկ այլ մասնակից։
Մյուսն էլ կարծում է, որ չի կարելի ամեն ինչ քանդել, վերացնել այն հիմքերը, որոնց վրա կանգնած ես: «Կոնսերվատորիան Երևանի դեմքն է, այն պետք է մնա իր տեղում»,- ասել է նա։
Հարցվածներից միայն մեկն է համաձայն Կոնսերվատորիայի տեղափոխմանը, բայց միայն այն դեպքում, եթե մյուս բոլոր համալսարանները «տեղափոխվեն» Ակադեմիական քաղաք:
Հարցված քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ տեղափոխման հարցին կկարողանա պատասխանել միայն այն դեպքում, երբ լիարժեք տիրապետի տեղեկատվությանը և լսի երկու կողմերի փաստարկները։
Մանրամասները՝ տեսանյութում։