Երևան քաղաքում՝ երկարաժամկետ հեռանկարում, չպետք է ոչ մի բուհ լինի, ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի՝ մասնավոր, պետական, հայաստանյան, թե արտասահմանյան»,- նշել է նա:
Փաշինյանի խոսքով՝ բուհական ոլորտում խնդիրները խորն են: «ՀՀ-ում 60 բուհ կա: Դա նշանակում է՝ 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան, հազարին մոտ դեկանի տեղակալ: Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, զգում ենք, որ որոշակի լարվածություն է առաջանում, որովհետև խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց այդ կարգավիճակներից զրկելու մասին»,- ասել է նա:
Փաշինյանը հայտարարել է, որ բուհական ոլորտում թերություններ զգում են բացարձակապես ամեն տեղ: «Որպես կառավարություն, երբ փորձագիտական պարզ հարցերի պատասխաններ ստանալը դառնում է ուղղակի անհնարին, երբ բարձրաստիճան պաշտոնյաները պարզ և առավել ևս բարդ հարցերի պատասխաններ գտնելու համար ստիպված են գնալ անձամբ փնտրել, գտնել տեղեկություններ, համադրել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ գիտելիքի, տեղեկությունների հետ առերեսվելու ճանապարհին մի քանի տարի ուշանում ենք, որն իր նեգատիվ ազդեցությունն է ունենում երկրի վրա:
Վարչապետը նաև համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ-ում գործող բուհերը հավաստագրեն միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա՝ ո՛չ պետական և ո՛չ էլ մասնավոր. «ՀՀ-ում ոչ մի բուհ չկա, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Նույնիսկ մեր գործող օրենքներով չեն կարող այդ լիցենզիոն պայմաններով անցնել»:
Ակադեմիական քաղաքը, ըստ Փաշինյանի, կարևոր և ռազմավարական ծրագիր է: Նրա տեղեկացմամբ՝ նախագիծը պահանջում է 1 մլրդ դոլարից ավելի ներդրում:
Անդրադառնալով գործող բուհերի շենքերի հետագա ճակատագրին՝ Փաշինյանը նշել է, որ քննարկում են բոլոր շենքերը համախմբել մի կազմակերպության մեջ և վարձակալության տալ միջազգային հեղինակություն ունեցող ընկերության, իսկ ստացված ողջ գումարն ուղղել ակադեմիական քաղաքին ու բուհական համակարգին:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կրթության ոլորտում բարեփոխումների մասին, որոնց շրջանակում նախատեսվում է Հայաստանում ստեղծել 8 միավորված գիտահետազոտական համալսարան՝ պետական լիարժեք ֆինանսավորմամբ, ինչպես նաև կառուցել «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղափոխվեն բոլոր բուհերը:
2023թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը Հայաստանում նախատեսվում է 2030 թվականի հունվարին։
International GmbH Architects and Engineers-ի փոխտնօրեն Թոբիաս Քեյլը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի 2024 թվականի երկրորդ կեսին։
Մանրամասները՝ տեսանյութում: