Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, հայտնում է Մայր Աթոռի լրատվության բաժինը։
«Խոր ցավով տեղեկացանք Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողի և 20 վիրավորի մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ ողորմածն Աստված, որ իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց հոգիները»,- ասված է հաղորդագրությունում։
Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներ զինծառայողներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, հայրենիքին և հայ ժողովրդին։
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ։